Հայաստանի մանրածախ վարկավորման ապագան սմարթֆոնի մեջ է. Էդուարդ Մարության

02 / 09 / 2017

-Էդուարդ, ի՞նչ միտումներ եք կանխատեսում ֆինանսական ոլորտում առաջիկա տարիներին:

- Աշխարհը շատ արագ է փոխվում: Մեր ամբողջ ժամանակը մենք արդեն անցկացնում ենք սմարթֆոններում, և ֆինանսական ոլորտում ապագան այդտեղ է: Առաջիկա 5-10 տարիներին բանկային ոլորտում կտրուկ փոփոխություններ են սպասվում: Այսօր բանկերը և ֆինանսական ընկերություններն ակնհայտորեն զարգացման տեմպերով զիջում են ՏՏ ընկերություններին, և վաղ թե ուշ, որքան էլ դիմադրեն կարգավորող մարմինները, վերջիններս կսկսեն ֆինանսական ծառայություններ տրամադրել, փոխանցումներ կատարել և վարկավորել իրենց օգտատերերին: Այնպիսի ընկերությունների հաշիվներին, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը և Amazon-ը, գումարների մեծ կուտակումը թույլ է տալիս դա նրանց, բացի այդ, դրանք բանկերից էժան կլինեն: Այդ պատճառով մենք՝ ֆինանսական կազմակերպությունները, պետք է շտապենք փոխվել, համագործակցել ՏՏ ընկերությունների հետ, ստեղծել համատեղ տեխնոլոգիաներ և նախագծեր: Պետք է հասկանալ, որ շուտով անգամ բանկային քարտեր չեն լինի, ավելի հեշտ կլինի վճարումները կատարել սմարթֆոնով կամ վճարային չիպերով:

-Դուք պատրաստվո՞ւմ եք ավելացնել Երևանում կամ շրջաններում «Գլոբալ Կրեդիտ»-ի մասնաճյուղերի թիվը:

- Ես իմաստ չեմ տեսնում նոր մասնաճյուղեր բացելու մեջ, և մեր ընկերության զարգացման ռազմավարությունում չկան մասնաճյուղեր, կա միայն նոր բազաների և օգտատերերի «զանգվածային կուտակման» վայրերի որոնում: Բանկերի մասնաճյուղերը շուտով վերածվելու են շոու-սրահների, որտեղ հաճախորդներին սովորեցնելու են օգտվել բանկային հավելվածներից և նոր գործիքների շնորհանդեսներ են անցկացնելու:

-Վաճառքների ի՞նչ նոր ճանապարհներ եք առաջարկում օգտագործել ֆինանսական ապրանքների առաջխաղացման համար:

-Հաճախորդի մասին հսկայական քանակությամբ տեղեկատվություն ունեն սոցիալական ցանցերը, և դրանից անհրաժեշտ է օգտվել: Ի՞նչ մենք գիտենք մեր հաճախորդների մասին: Միայն անձնագրային տվյալներ և հասցե: Իսկ համացանցում աչքի առաջ է հաճախորդի ամբողջ կյանքը, մենք գիտենք՝ որտեղ է նա հանգստանում, ինչ է սիրում ուտել, ինչպես է հագնվում, և կարող ենք նրան բազմաթիվ ծառայություններ վաճառել: Օրինակ, եթե օգտատերը գրել է, որ իրեն դուր է եկել ավտոմեքենայի մի մոդել, պետք է նրան ավտովարկ առաջարկել, եթե գրում է, որ պատրաստվում է արձակուրդ մեկնել, պետք է ապառիկով հանգստյան ուղեգիր վաճառել և այլն: Ես վստահ եմ, որ շուտով անգամ հաճախորդի սքորինգում կարևոր դեր կխաղա արհեստական բանականության կողմից մշակված՝ սոցցանցերում նրա վարքի տեղեկատվությունը:

-Դուք նշեցիք ՏՏ ընկերությունների հետ համագործակցության անհրաժեշտության մասին: Իսկ «Գլոբալ Կրեդիտն» ունի՞ այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր:

- Կան, և արդեն ոչ միայն ծրագրեր: Անցած տարի մենք «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հետ համատեղ գործարկեցինք կոմունալ վճարների վճարման վարկավորման նախագիծը: Այն բավականաչափ դինամիկ կերպով տեմպ է հավաքում և գործարքների քանակությամբ արդեն շրջանցում է ֆիզիկական անձանց մեր ստանդարտ վարկավորումը: Կոմունալ վճարումների ժամանակահատվածում մարդկանց գումար է հարկավոր, և մենք նրանց վարկավորում ենք «Իդրամ»-ի միջոցով. մենք տեսնում ենք վճարումների պատմությունը և հիմնվելով դրա վրա՝ գնահատում ենք նրանց վճարունակությունը: Բացի այդ, այժմ մենք ակտիվ աշխատում ենք արագ աճող և շատ կրեատիվ Zangi ընկերության հետ, փնտրում ենք նոր լուծումներ: Նրանք ունեն մեսենջեր և միլիոնավոր օգտատերեր, իսկ մենք՝ գումար և վարկավորման ու ֆինանսական ռիսկերի կառավարման փորձ: Վստահ եմ, որ մեզ մոտ լավ համատեղ արտադրանք կստացվի մեր հաճախորդների համար:

- Ի՞նչ այլ նորարարական գործիքներ եք պատրաստվում առաջարկել մոտ ժամանակներս:

- Սեպտեմբերի վերջին նախատեսվում է 10 րոպեում սմարթֆոնից ավտովարկի՝ «Գլոբալ Կրեդիտ» ընկերության նոր առցանց գործիքի անոնս: Ոչ մի տեղ հարկավոր չէ մեկնել, հարկավոր չէ հերթ կանգնել, գնահատել և ապահովագրել ավտոմեքենան: Վարկը հնարավոր կլինի ստանալ ավտոմեքենայի գրավի դիմաց, կրկնում եմ՝ 10 րոպեում, և ընդ որում՝ շարունակել օգտվել սեփական ավտոմեքենայից: Այդպիսի գործիք Հայաստանում չկա:

- Խնդրում եմ, ամփոփեք բանկերի և վարկային կազմակերպությունների ապագայի վերաբերյալ ձեր տեսլականը:

- Նրանք, ովքեր ժամանակին չեն գիտակցում միտումները և չյուրացնեն տեխնոլոգիաները՝ պահպանելով պահպանողական մոտեցումներ, պարզապես կդադարեն գոյություն ունենալ: Իսկ ֆինանսական հատվածի դերակատարների առաջադեմ մասը կվերածվի ՏՏ ընկերությունների: Ինչ վերաբերում է «Գլոբալ Կրեդիտ»-ին, ապա, ինչպես տեսնում եք, տեխնոլոգիաների ուղղությամբ շարժումն արդեն ամբողջ հունով ընթանում է: Մեզ համար զարգացման վեկտորներ սահմանելով և այն, թե ինչ մոդելներ ենք պատրաստվում կիրառել՝ մենք չենք կողմնորոշվում դեպի բանկերը, այլ նայում ենք ՏՏ ընկերությունների կողմը: